Փետրվարի 8-ին ՌԴ Պետդումայի կոմունիստական կուսակցության խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բաքու: Արևելյան հյուրընկալության ավանդույթներին տուրք տալուց հետո՝ պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մեծագույն հարգանքով հիշելով ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հետ բարեկամական հարաբերությունները՝ Գենադի Զյուգանովը խորին ակնածանքի զգացումով խոսել է նրա ղեկավարությամբ իր աշխատանքի մասին պետական բարձր պաշտոնում եղած ժամանակ և իրենց անկեղծ հարաբերությունների մասին»,- հաղորդում է Day.az-ը: Գենադի Անդրեևիչը հիշել է ոչ միայն հայր Հեյդարի, այլև որդի Իլհամի հետ անցկացրած երանելի ժամանակները՝ մասնավորապես՝ երբ նա ղեկավարում էր ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը և այդ տարիներին երկու պատվիրակությունների միջև սերտ համագործակցություն կար: Գենադի Զյուգանովը հավելել է՝ Ադրբեջանի պատվիրակության աջակցությունը ՌԴ պատվիրակությանը վերջին նստաշրջանում իր երկրում շատ բարձր է գնահատվել, ու Ալիևի կրծքին է ամրացրել ՌԴ կոմկուսի հուշամեդալը՝ փաստորեն այդքան էլ բարձր չի գնահատվել, որ Ալիևը ընդամենը կոմկուսի հուշամեդալի է արժանացել: Բայց Զյուգանովը նաև փոխանցել է, որ Ռուսաստանը հետաքրքրությամբ է հետևում Ադրբեջանի տնտեսության սրընթաց զարգացմանը, իսկ ինքը Բաքուն համեմատելով աշխարհի զարգացած քաղաքների հետ՝ խորապես տպավորված է: ՈՒ՝ այդպես: Իհարկե, Գենադի Անդրեևիչը չի սիրում եվրոպացիներին և կարող էր անտեսել, որ այդ հանդիպումից ընդամենը երկու օր առաջ իր բարեկամի որդին ու իր բարեկամը Մյունխենում կոչ էր անում ադրբեջանական գազը այլընտրանք ընդունել ռուսականին ու խոստանում էր նավթով ու գազով շանտաժ չանել: Կարող էր պարզապես մոռացած լինել, որ ԵԽԽՎ-ում անցյալ տարվա քննարկման ժամանակ Ադրբեջանը կողմ էր քվեարկել ՌԴ պատվիրակությանը լիազորություններից զրկելուն: Կարող էր, տարիքն առած մարդ է՝ քաղաքականապես թրծված, փայլուն գիտի՝ ինչ հիշել ու ինչ մոռանալ՝ մեծ քաղաքականության մեջ անվերջ մնալու համար:
Փետրվարի 11-ին՝ 3 օր շարունակ Հայաստանի Հանրապետության կոմունիստական 3 կուսակցություններից ոչ մեկը 3 բառ անգամ չասաց ընկեր Զյուգանովի Ադրբեջան կատարած այցի մասին: Լավ, եթե վախենում են ընկեր Զյուգանովի զայրույթից, վախենում են նրան հարցնել՝ Հայաստան ինչո՞ւ չի գալիս, Ադրբեջանի կոմունիստական կուսակցություն կա՞ ու այդքան հզո՞ր է, որ կոմկուսի խմբակցության պատվիրակություն է մեկնում, այդ ի՞նչ եղբայրական-բարեկամական զգացումների բռնկում է նրան տարել Ադրբեջան, իրենց երկրում գոնե կարո՞ղ են, թե՞ դարձյալ վախենում են նրա այցի վերաբերյալ երեք բառ ասել, գոնե զարմանք արտահայտել, որ ընկեր Զյուգանովը հիշի՝ իրենք էլ կան, իրենք էլ Մայր Ռուսիայի զավակն են՝ կոմկուսի գծով: Թե՞ շատ բարդ խնդիր է կարծիք հայտնելը, երբ խոսքը վերաբերում է ընկեր Գենադի Անդրեևիչ Զյուգանովին, ու պատճառ կդառնա, որ իրենք երբեք ՌԴ կոմկուսի հուշամեդալ չստանան:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե Հայաստանում 3 կոմունիստական կուսակցություն 3 բառ չգտավ՝ գնահատելու ՌԴ կոմկուսի ղեկավարի այցը Բաքու, տրամաբանական է, որ գոնե 3-ով միասին շնորհակալություն հայտնեն նրան: Ինչի՞ համար: Ի՞նչ կարևոր է: Երախտագիտությունը տերերը գնահատում են, պետք կգա: